Մարթա Քլաբ











{May 8, 2012}  

Մայրս տաք թեյ է բերել: Ուզում է ամեն ինչ անել, որ աչքերիցս տխրությունն անցնի:  Բաժակը դնում է համակրգչիցս դուրս եկող լարերի արանքում՝ շագանակագույն զոլերի ճիշտ մեջտեղում՝ համաչափության մեջ: Ես շրթունքներիս վրա զգում եմ խոնավություն ու գլուխս դուրս եմ հանում վերմակի տակից: Ամեն ինչ չափից դուրս նման է երկուսուկես րոպե առաջվան: Սենյակ, իրար վրա շարված գրքերը, համակարգիչ, պատերից կախված դարչնագույն երազանքներ, կորուստ: Ուզում եմ հրաժեշտ տալ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի: Թողնում եմ հետոյին… վաղվան…

Իրականում դու մեղավոր ես… դու ինձ գարուն ես պարտք, որը միասին չապրեցինք… դու ինձ պարտք ես այն բոլոր ուրախության վայրկյանները, որոնք ապրել եմ ու ցանկացել եմ քեզ հետ կիսել… դու ինձ սովորեցրել էի երջանկությանս վայրկյաններին քեզ հիշել, իսկ հիմա այդ հիշողությունները միայն ցավ են պատճառում,  դու կողքիս չես դրանք լիարժեք ապրելու համար… ինձ ցավ են պատճառում հենց մեր երջանկության վայրկյանները, որովհետև գիտեմ, որ չեն կրկնվելու…

Հասցնում եմ քեզ կարոտել… նույնիսկ այն ժամանակ, երբ մտածում եմ անջատիչից գովազդային վահանակ գնացող էլեկտրական հոսանքի  մասին, երբ մտածում եմ վաղուց անտեսված գնացքի կայարանների ու մայրամուտների մասին… հասցնում եմ պատկերացնել ինձ` քո գրկի մեջ սեղմված` ձեռքս վերնաշապիկիդ եզրերից ներս, մատներդ  պարանոցիս մկանների վրա, մատնահետքերդ մաշկիս վրա ու  մաշկիս տակ էլեկտրական հոսանքագծերի նման տարածվող նյարդային կծկումներ: Ինձ զգում եմ ամենափրկվածը այս աշխարհում, երբ դու մեջքիս հետևում ես` ուսերս գրկած…

Փորձում եմ ջնջել քո մասին հիշողությունները, այն ինքնաթիռների հետագծերը որոնք պատկերցրել եմ, այն ծխախոտի հոտը, որն անխուսափելիորեն քեզ է հիշեցնում…

Մայրս տաք թեյ է բերել: Ուզում է տխրությունս անցնի… իսկ ես… ուզում եմ աչքերս փակել ու փողոցն անցնել: Ուզում եմ հավաստաս, որ պատահականություններ չեն լինում, ու ինձ հետ ոչինչ չի լինի, ամեն ինչ որոշվում է անհրաժեշտաբար, ու մեր բաժանում էլ է անհրաժեշտություն, ուղղակի ես չեմ կարողանում հավատալ, որ կարող է գոյություն ունենալ նաև այդ իրականությունը, երբ հավատամ, այն իրական կդառնա, իմ ու քո համար…

Աչքերս փակում եմ ու փողոցն անցնում…. Այն ժամանակ, երբ կանաչ լույս է, երբ փողոցի կեսն անցել եմ ու գիտեմ, որ երեք քայլից կհասնեմ մայթեզրին…



{March 30, 2012}   Քավարան

Ես գնում եմ մեռած անտառի խորքը, որովհետև այնտեղ քեզ եմ տեսել….
Ոտաբոբիկ ու կիսամերկ, բամբակյա բարակ գիշերազգեստով, ձեռքիս մեջ ինչ-որ մեկի կամ ինչ-որ կենդանու արյունոտ գլուխը: Վախ…: Մաշկիս տակ ցուրտ եմ զգում ու խոնավություն: Ինչ-որ բան ոտքերովս բարձրանում է վերև, սողալով, համարյա աննկատ: Փորձում եմ ոտքերս առաջ տանել: Դժվար է: Ամեն ինչ չափից դուրս դանդաղ է, լղոզված, չափից դուրս իրական: Մինչ այդ` մոտ երկուսուկես րոպե առաջ ստվերդ տեսել էի դիմացի ժայռերի վրա: Աչքերս հառել էի այնտեղ, որ տեսադաշտիցս չկորցնեմ: Ուզում եմ գոռալ անունդ, բայց ինչ-որ բան խանգարում է: Ականջներիս մեջ ժանգոտված երկաթյա դարպասների ձայն է: Փորձում եմ չհավատալ ականջներիս. անտառներում դարպասներ չեն լինում, մանավանդ մեռած անտառներում: Ձայնն ավելի է ուժեղանում, դուրս է գալիս ականջներիցս, ծոծրակովս իջնում ներքև, ձգում ողնաշարիս մկանները: Դիմացս անանցանելի թփուտներն են, լպրծուն մակերեսով ծառեր, գետնին ինչ-որ տհաճ խոնավություն է, ոտքերիս փաթաթվող սողուններ ու արմատներ: Ինչ-որ տարօրինակ կերպով տեսնում եմ ոտնահետքերդ, այն դեպքում երբ գետինը թաղված է սև մթության մեջ ու լույսը չափից դուրս սակավ է: Դա թույլ է տալիս փոքր-ինչ թեթևություն զգալ, հավատալ, որ եթե քայլերս արագացնեմ քեզ կկարողանամ հասնել: Ինձանից դեպի ժայռը քսանմեկ ոտնաչափ տարածություն է, քսանմեկ երկարուձիգ տարիներ, յուրաքանչյուր տարի մեկ քայլի համար: Հաշվում եմ քայլերն ու զգում եմ, որ ժամանակը չի բավականացնում: Հասցնում եմ նկատել միայն ստվերդ: Մարմինդ, ձեռքերդ, դեմքդ չեմ տեսել, բայց հիշում եմ: Ինչ-որ տարօրինակ զգացում ստիպում է կուրորեն քո հետևից քայլել` մեռած անտառի ամենախորքերը…
Փորձում եմ կարգավորել շնչառությունս: Վերջին քայլերն են մնացել մինչև ժայռը, որի տակ դու կծկված նստած են: Վրադ ինչ-որ թաղիքե սավան է` մաշված, գորշ: Անտառի այդ հատվածում ծառերը համեմատաբար քիչ են ու կարողանում եմ երկնքից կախված լուսային սյուների տակ տեսնել ուրվագիծդ: Փորձում եմ արագացնել քայլերս, աչքերս սևեռել եմ քո վրա, որ չկորցնեմ քեզ, չմոլորվեմ: Ոտնաթաթերս խրվում են ցեխոտ գետնի մեջ, դուրս գալիս, էլի խրվում: Խարխափող ձեռքերով փորձում եմ շոշափել ամեն մի սանտիմետրը: Դու չես շարժվում: Սեղմված ես սառը պատին: Թաղիքը դանդաղ բարձրանում իջնում է` շնչառությանդ համաչափ: Համարյա հասնում եմ քեզ, քիչ մնաց… հասնում եմ ահա… ձեռքս ավելի եմ ձգում քեզ… մատներիս ծայրը համարյա դիպչում են սավանին… ահա դիպչում եմ… ուզում եմ հետ տանել սավանն ու տեսնել քեզ… ոտքս, գրողը տանի… ինչ-որ բան կառչել է ոտքերիցս, ու թույլ չի տալիս առաջ շարժվել: Փորձում եմ առաջ տանել, ինչ-որ բան համառորեն թույլ չի տալիս …Ականջներիս մեջ ինչ-որ երեխայի լաց եմ լսում, ինչ-որ ճիչ… նայում եմ ոտքերիս… երեխա… այլայլված դեմքով նայում է ինձ… փոքր ձեռքերով գրկել է ոտքս ու չի ուզում բաց թողնել: Քրտնած մազերը կպել են ճակատին, ու շրթունքի մոտ թարմ բացված վերքից արյուն է հոսում:
-Ինձ օգնիր խնդրում եմ, ինձ մենակ մի թող…
-Թող ոտքս, ես պետք է գնամ
- Ես ոչ ոք չունեմ, մենակ եմ իմ ամբողջ կյանքում, ինձ խաղալիք նվիրիր ու արի երբեմն արի ինձ տեսնելու, ես մենակ եմ հասկանում ես, մենակ… Էս մեռած անտառը շատ մեծ է իմ համար, ես կկորեմ էստեղ մենակ, ինձ պետք ես դու, ինձ խաղալիք նվիրիր, կնվիրես… խաղալիք, փոքրիկ գորշ արջուկ… կնվիրես… ինձ խաղալիք նվիրիր… խաղալիք
-Թող ինձ…
Զգում եմ, որ հեռանում եմ նրանից: Այլևս ոտքիս վրա չեմ զգում նրա սառած ձեռքերը, աչքերի լույսը հեռանում է կամ գուցե մարում: Հիշում եմ քեզ: Ժայռը վաղուց հեռացել է ինձանից ու դու էլ էլ չկաս: Ականջներիս մեջ դեռ լսում եմ … հերիք է… էլ չեմ ուզում լսել…ուզում եմ հիշել քո դեմքը, որը երբեք չեմ տեսել… դեռ երբեք քեզ այդքան մոտ չէի եղել…
Քայլում եմ… մոլորվածի պես: Փնտրում եմ քեզ: Դո՞ւ ես…. Տեսում եմ քեզ` գետի կողքին: Կանգած ես վրադ նույն թաղիքե սավանը: Հեռու ես… Ճանկռում եմ դիմացս հանդիպած ճյուղերը, գոռում եմ ցավից, բայց դեպի քեզ եմ գալիս: Ոտքերս արյունլվա են, գիշերազգեստս պատառոտված է, ցեխոտ, մկաններիս մեջ սուր ցավ եմ զգում, ասես երկաթյա շշերով ծակեն մարմինս… Մահացող զինվորների ձայներ եմ լսում ովքեր օգնության եմ կանչում: Մոտենում եմ ինչ-որ խարույկի, որից աղոտ լույս է գալիս: Զինվորներ են: Վիրավորված, արյունլվա, հաշմանդամ մարմիններով: Փորձում եմ աչքերս փակել ու անցնել նրանց միջով: Փակում եմ: Բայց մարմնիս ամեն մի բջիջով զգում եմ նրանց մարմինների ցավը, բացված վերքերի սարսուռն ու մահվան ճիչերը: Ինչու են օգնություն կանչում… ինչու… ես չեմ կարող նրանց օգնել… փորձում եմ չկենտրոնանալ նրանց վրա, շրջանցել նրանց մասին մտքերը, ուղեղիցս ջնջել նրանց հաշմանդամ մարմինները… Անցնում եմ առաջ: Արդեն չեմ նկատում խարույկի լույսը, ուրեմն հեռացել եմ նրանցից: Դու գետի ափին ես… կրկնում եմ նորից… դու գետի ափին ես… միայն թե ինչ-որ տեղ չհեռանաս… ինչ-որ նեղ արահետ եմ գտնում դեպի քեզ տանող: Սկսում եմ ավելի արագ քայլել: Արահետի եզերին ինչ-որ մարմիններ եմ նկատում` ցնցոտիների մեջ փաթաթված, ոսկրացած մարմիններ, ձեռքերը առաջ պարզած օգնություն են խնդրում: Սարսափում եմ նրանց ուրվագծերից: Ցնցոտիների տակ դեմքեր չկան, սև խոռոչներ են, միայն ոսկրացած ձեռքեր են առաջ պարզված: Միայն թե չկպնեն ինձ, ձեռք չտան… մի պահ կանգնում եմ, շունչ եմ քաշում ու փորձում արագ քայլերով անցնել արահետի այդ հատվածը: Զգում եմ ինչպես են իմ հետևից ոսկրացած ձեռքերը երկարում, կառչում շորերիս պատառոտված եզրերից, հավաքում եմ ոտքերիս մեջ եղած ամբողջ ուժն ու համարյա վազելով անցնում: Ինչ-որ բան դիպչում է ոտքերիս, վայր եմ ընկում եմ… գլուխս սկսում է պտպվել, աչքերս բացում եմ ու հասցնում եմ տեսնել ինձ մոտեցող ոսկրացած ձեռքերը…
-օգնիր մեզ… օգնիր… օգնիր…-Ոչ… ճչում եմ ու աչքերս ամուր փակում…
Սև տարածություն: Ոչինչ չեմ տեսնում: Ինչ-որ սև մթություն կախված է ինձ վրա: Երկինքն է: Ծառեր չեն երևում: Կարողանում եմ աչքերս մի փոքր վեր բարձրացնել ու ձգվել առաջ: Հեռվում անտառն է: Որտեղ եմ ես… Ուղղում եմ մարմինս ու նայում եմ շուրջս: Գետի ափին եմ: Գետով ինչ-որ թանձր սև զանգված է հոսում, ջուր չի: Փորձում եմ աչքերով քեզ փնտրել… Գետի մյուս կողում ես: Լուռ կանգնած ես ու ինձ ես նայում: Հասկանում եմ որ քեզ հասնելու համար պետք է գետը անցնեմ: Չորեքթաթ քայլում եմ մինչև ափը: Ոտքերիս մեջ էլ ուժ չկա: Հասնում եմ թանձր սև զանգվածին: Գետի մակերևույթը դանդաղ բարձրանում իջնում է, հոսանք է: Փորձում եմ կենտրոնանալ: Ինչ-որ մարմիններ են շարժվում նրա մեջ, հոսանք չի: Հավաքում եմ կրծքիս տակ եղած ամբողջ ուժն ու ձեռքս մտցնում թանձր հեղուկի մեջ: Ինչ-որ տարօրինակ խառնուրդ է, որը քայքայում է մաշկս: Ձեռքս դուրս եմ հանում ու սև զանգվածի տակ զգում եմ ինչպես է մաշկս այրվում, սև զանգվածը լցվում է երակներս: Փակում եմ աչքերս ու մտնում գետը: Մարմինները հայտնվում եմ մակերերեսին: Կարողանում եմ անցնել դիակների նրանց վրայով ու մարմինս ավելի քիչ ընկղմել հեղուկի մեջ: Սև զանգվածի մեջ ինչ-որ ծանոթ դեմքեր եմ զգում, ականջներիս մեջ նորից սկսում եմ օգնության ճիչեր լսել: Ուրեմն կենդանի են… Պետք է շտապել… արագացնում եմ շարժումներս… ափը երևում է… Մարմինս արդեն չեմ զգում ցավից…. Էլ չեմ կարողանում առաջ շարժվել, խեղդվում եմ…
Ափին եմ: Այրված մաշկս առողջացել է, նորից առաջվանն եմ: Ոտքերիս վերքերը փակվել են: Կանգնում եմ ու փորձում եմ քեզ գտնել: Դու նստած ես գետի ափին` սավանով ծածկված, ինձանից քսանմեկ քայլի վրա: Ոտքերս խրելով ավազի մեջ քայլում եմ դեպի քեզ: Քսանմեկ տարի ինչպես քսանմեկ վայրկյանային տառապանք: Ամեն քայլից հետո զգում եմ, որ դու ավելի ու ավելի մոտ ես…
Կանգնած եմ քո դիմաց: Ձեռքս երկարցնում եմ դեպի սավանը: Մատներիս ծայրի ու սավանի միջև եղած հեռավորությունը կիսվում է, փոքրանում փոքրանում… դիպչում եմ սավանին ու շունչս պահում… կամաց բարձրացնում եմ սավանը… Չի կարող պատահել… գրողը տանի, ես եմ, ես եմ սավանի տակ` այլայլված դեմքով` մաշկս այրված ու բորբոքված, աչքերիս խոռոչներում զզվելի որդեր, շրթունքներիս շուրջ թարմ բացված վերքեր, ձեռքերս փայտացած ու ոսկրացած… ամեն ինչ խառնվում է իրար… զինվորների հաշմանդամ մարմինները, ինձ խաղալիք առ խաղալիք, մաշկս այրվում է… փրկեք ինձ… գետի մեջ եմ… ոչ ես այստեղ եմ ինքս իմ դիմաց կանգնած… ոսկրացած ձեռքերը կառչել են շորերիցս, բաց թողեք ինձ, բաց թողեք… գլուխս պտտվում է, ձեռքս հետ եմ քաշում… դու այլանդակված դեմքով շեշտակի նայում ես ինձ … հարձակվում ես վրաս ու ատամներով կոկորդս կրծում… արյունը շիթերով հոսում է մարմնովս ներքև … ուշագնաց եմ լինում… վերցնում ես հոգուցս ազատված մարմինս ու նետում գետը… բամբակյա գիշերազգեստով սրբում ես բերանիդ արյունն ու քայլում դեպի մոտակա ժայռը…



{August 27, 2011}  

Մինչ դու քայլում ես 35-րդ փողոցի երկայնքով ու մտածում ես դատարկ ջրափոսերի ու թեքված էլեկտրասյուների կապի մասին, ես գլուխս հենում եմ մեքենայի ապակուն ու փորձում շրջանցել քո մասին մտքերը: Ձեռքերիս մեջ դեռ սեղմած եմ պահում ինչ-որ բան. հեռախոսս: Հեռախոսազանգերիս ցուցակում անունդ հայտվում է օրեցօր ավելի հաճախ: Վերջինը՝ տասնյոթ րոպե առաջ՝ բաց թողնված զանգ: Ինչ-որ անհարմարություն եմ զգում: Ուզում եմ ասել՝ երաժշտությունը անջատեք, զանգի եմ սպասում: Չեմ ասում: Հեռախոսս ձեռքերիս մեջ է, ուրեմն՝ զանգդ բաց չեմ թողնի:

Ինչ-որ տողեր եմ մատիտով ավելացնում գրքիս բաց էջերում, այնտեղ, որտեղ գրված է նշումների համար: Ինձ բացակա եմ զգում այս կյանքից: Գրում եմ մանկությանս, նորտարիների ու կորցրած խաղալիքներիս մասին: Գրում եմ այն ամեն ինչի մասին ինչ ես անվանում եմ գլխացավ, անընդհատ չհերիքել, շնչառություն: Քո կողքին կորցրել եմ ամենակարևորը՝ ինքնավստահությունս: Ինձ զգում եմ օծանելիքիդ մոլեկուլի նման չնչին մեկը, ով երազում է ներս սողոսկել վերնաշապիկիդ բաց եզրերից:

Զանգդ կարճ տևեց: Դու հավանաբար հոգնած էիր, երազում էիր տաք թեյի ու փափուկ անկողնու մասին: Անջատեցիր հեռախոսը: Քաղաքային աղմուկը չափից դուրս շատ էր քեզ հասկանալու համար: Մինչ այդ՝ խոսափողի թույլ աղմուկի մեջ ութ վայրկյան անընդմեջ լսում էի շնչառությունդ: Մաշկիս տակ դեռ դող էր մնացել, զանգդ չօգնեց շրջանցել մեզ բաժանող տարածությունը: Դու գիտեիր այդ մասին, բայց այդպես էլ չէիր կարողանում ինձ մինչև վերջ հասկանալ…

Գովազդային պաստառներ, նեոնային լույս, գովազդ, գովազդ… անգույն ժապավենով փակցված փաթեթային ստեր: Երջանկությունը թաքնված է ինչ-որ ուրիշ տեղ՝ պաստառների հակառակ կողմում: Երջանկությունը փոքրիկ ավազահատիկների մեջ է՝ դեկորատիվ ծաղիկների արմատների մոտ լցված, գուցե՝ իմ ու քո արանքում: Քո յուրաքանչյուր զանգի հետ ուզում եմ ասել, որ կարոտում եմ քեզ, որ դու մի քիչ պակասում ես իմ կյանքում, որ քո մասին եմ մտածում համարյա յուրաքանչյուր հաջորդ երրորդ րոպեն…

Երջանկությունը հիմա կողքիս է, ինչ-որ ծանոթ շրջապատի մեջ՝ ականջակալներիս մեջ հնչող երաժշտության, դեղատանը հերթապահության մնացած եղբորս, լիալուսնի, ինտերնետին միացված համակարգչիս, կողքիս դրված “Գրեթերթի”… Փակում եմ աչքերս ու պատկերացնում հաջորդ հեռախոսազանգդ: Մտածում եմ՝ քեզ պատմել այն մասին, որ քո կողքին կարողանում եմ տեսնել երջանկությունը: Զանգդ ավարտվում է: Ոչինչ էլ չեմ ասում: Մտածում եմ՝ ինձ չես հասկանա…



{June 21, 2011}   Դում

Առաջին բանը, որ տեսա սև լույսն էր: Հիշեցի ընկերոջս խոսքերը, ասում էր` տանում ա, չես հավատում, տանում ա… տարավ…

Արդեն մի քանի օր է, զգում եմ էս իմ աշխարհը չի: Արթնանում եմ` շերտավարագույրներից սև լույս, տեղիցս վեր եմ կենում ռոբոտացված շարժումներով, կիսադատարկ ջրի բաժակ իմ առջևում, բանալիներ, հեռախոս ու կակտո՞ւս… չէ… շերտավարագույրներից սև լույս, ռոբոտացված շարժումներ, սենյակս` մի տեսակ մթության մեջ թաղված, մոտենում եմ դռանը… բացում եմ… չէ, էս աշխարհը ինչ-որ նորություն է, չեմ հիշում…

Մեր փողոցն է: Ռոբոտացված շարժումներով քայլում եմ փողոցով: Ասֆալտը չեմ տեսնում, չեմ կարողանում նույնիսկ ոտքերիս նայել, միայն զգում եմ, որ  աջ ու ձախ կողմերում պատկերները փոխվում են: Ուրեմն քայլում եմ: Մառախուղ է: Տների լույսերը շատ թույլ են վառվում: Մեր փողոցի համար չափից դուրս մռայլ է: Գուցե սխալվում եմ…Թվում է` շարժվում եմ ինչ-որ կետի հասնելու համար, բայց փողոցի ծայրում ամեն ինչ այնքան միօրինակ է: Շուրջս պատկերները փոխվում են, բայց ես անշարժ եմ: Ինչու… “Այս աշխարհը քո անեծքն է, աշխատիր ողջ մնալ…”: Ողջ մնա՞լ… աչքս ընկնում է մայթեզրին դրված սրածայր մանգաղը: Վերցնում եմ ու էլի քայլում առաջ….

Հաղորդագրություն: Նա սպասում է քեզ թերթի կրպակի հետևում…

Նա՞…. ո՞վ…

Մանգաղս ավելի ուժեղ եմ սեղմում ձեռքերիս մեջ: Փողոցի եզրին նկատում եմ կրպակը: Լարվում եմ: Դանադաղ մոտենում կրպակին: Ոչ ոք չի երևում: Ականջիս մեջ կամաց շշուկներ եմ լսում: Ուրեմն այստեղ է…բայց ո՞վ… կրպակի դիմացի հատվածը երևում է, ոչ ոք չկա, պետք է հետնամասն էլ ստուգել… դանդաղ մոտենում եմ կրպակի դիմացի մասին ու թեքվում ձախ: Էլի ոչ ոք… իսկ եթե ինձ հետևից է մոտեցել: Դանդաղ շրջվում եմ: Էլի ոչ ոք… հանգստացած շունչ եմ քաշում… հանկարծ ճիչ… ձախ ականջիս մեջ ոռնոցի նման ճչում է: Արագ շրջվում եմ… ինչ-որ  դուրս պրծած աչքերով  լպրծուն հրեշ ժանգոտ եղունգները մտցրել է մաշկիս մեջ ու քերում է… աչքերիս առաջ տեսնում եմ արյունս, բայց չեմ կողմնորոշվում ինչ անել… հիշում եմ ձեռքիս մանգաղը… ուզում եմ շարժել, չեմ կարողանում…սատանան եղունգներով հիմա էլ կոկորդս է փռթում… իսկ ես դեռ անշարժ եմ, չեմ կարողանում շարժվել… ահա… ձեռքս շարժում եմ… մանգաղը մտցնում եմ դրա ձախ կողի մեջ ու հանում… անշնչացած դին փռվում է ոտքերիս շատ մոտիկ: Չեմ կարողանում թեքվել առաջ, որ տեսնեմ ինչ է ոտքերիս վրա: Հետ եմ գնում մի քիչ: Անհետացել էր արդեն…


Ծխախոտս… ո՞ւր է ծխախոտս: Ձեռքս երկարացնում եմ: Բանալի,  դեղին թերթիկներ, մանր-մունր իրեր որ մինչև վերջ չեմ էլ կարողանում հասկանալ ինչ են… տուփ… հանում եմ մի հատ ու դնում բերանիս: Կրակայրիչ… ինձ կրակայրիչ է պետք… նորից քայլում եմ առաջ: Նորից նույն փողոցը` նույն ձանձրալի ու տխուր փողոցը` մի քիչ ավելի մութ… հանկարծ` տան հետևում ինչ-որ ստվեր է շարժվում: Նայում եմ` հաղորդագրություն չկա: Պետք է տունը ստուգել: Մտածում եմ մոտենալ բակի կողմից թե շքամուտքից էլ մտնել… կենտրոնանում եմ տան վրա… նորից ստվեր է շարժվում, այս անգամ թույլ լուսավորված պատուհանի այն կողմում: Ուրեմն հաստատ այնտեղ է, պետք է շքամուտքից… գրողը տանի… նորից նույն ճիչը ականջիս հետևում… շրջվում եմ… կանաչավուն սատանան ձեռքը երկարացրած ինձ է մոտենում: Այս անգամ ավելի վստահ մանգաղս սեղմում եմ ափիս մեջ ու խրում սրա ականջի մեջ այնպես, որ գլխի մյուս կողմից ծայրը դուրս է գալիս… к черту, тварь … շրջվում եմ ու հաստատուն քայլերով մոտենում առանձնատան շքամուտքի դռանը… կրակայրիչս` հեռախոսիս ու դեղերիս հետ մի կողմի վրա գցած: Ձեռքս երկարացնում, որ վերցնում: Վառում եմ ծխախոտս… վերջապես…

Առաջին հարկը մաքուր էր: Պետք է երկրորդն էլ ստուգել: Աստիճաններից ինչ-որ հնության ձայն է գալիս: Դանդաղ բարձրանում եմ վերև: Մանգաղս զգաստ պահել եմ ձեռքերիս մեջ: Դանդաղ քայլում եմ միջանցքով: Պատերին ինչ-որ արյունոտ մակագրություններ կան ու սարդոստայնի հաստ շերտեր: Շուրջս միայն գորշություն է: Հերթով բացում եմ բոլոր սենյակները` հոտած դիակներ, կախաղան եղած մարդիկ, բայց ոչ մի շարժում: Փակում եմ դուռներն ու շարժվում առաջ: Երկրորդ հարկում էլ ոչ ոք չկա… բայց ես տեսա ստվերը առանձնատան ներսում… ուրեմն… ձեղնահարկ… հաստատ այնտեղ է գրողի տարածը… նորից դանդաղ բարձրանում եմ վերև…

Ծխախոտիս ծայրին կուտակված մոխիր… ինչ անեմ… կտացնում եմ կիսադատարկ բաժակի մեջ: Մոխիրը դանդաղ տարածվում է ջրի մակերևույթով մեկ:

Հաղորդագրություն:  Նա կարող է հայտնվել ամենաանմեղի տեսքով:

Ձեղնահարկի դուռը դանդաղ բացում եմ: Ճռնչյուն է գալիս: Գրողը տանի… հիմա կիմանան, որ էստեղ եմ… ներսում նորից ոչ մի շարժում չկա: Կամաց ոտքս առաջ եմ դնում: Ձեղնահարկի պատերը համարյա չեն երևում` փոշի է ու սարդոստայնի հաստ շերտ: Անկյուններում ինչ-որ հնամաշ իրեր են: Լույս համարյա չկա: Երկու նեղ պատուհաններից աղոտ ճառագայթներ են ներս  սողոսկում ու վերջ: Ոտքերիս տակ նորից չեմ տեսնում: Նկատում եմ, անկյունում գորշ ծածկոց է փռված: Ծածկոցը կամաց բարձրանում է ու իջնում: Դանդաղ մոտենում եմ, ձեռքս երկարացնում, որ ծածկոցը հետ տանեմ… ահա ձեռքս համարյա կպնում է ծածկոցին… դուռը ճռնչյունով բացվում է: Շրջվում եմ: Երկու սատանա` մյուսներից ավելի սարսափելի դռնից ներս են սողոսկում` չոքեչոք: Դե եկեք ասեմ ուր գնաք… մանգաղս երկու ձեռքով սեղմում եմ ու հարձակվում դրանց վրա: Սկզբում մեկի գլուխը մեխում եմ պատին, հետո մանգաղս խրում եմ մյուսի մեջքի մեջ, որ հարձակվել էր վրաս ու շան պես ոտքս էր կրծոտում Երկու վայրկյան հետո` լպրծուն մարմինները անհետանում են գորշ հատակից… շրջվում եմ նորից ծածկոցի կողմը: Այս անգամ զգում եմ`  սկսել է ավելի ուժեղ բարձրանալ ու իջնել: Նորից եմ մոտենում: Կամաց ոռնո՞ց… լացի ձայն…. Ինչ է… ծածկոցը հետ եմ տանում… երեխա… կուչ է եկել պատի անկյունում` արյունոտ ձեռքերով ու ոտքերով… ինչ ես անում այստեղ, արի իմ հետևից… ոտքի կանգնեց… շրջվեցի ու պատրաստվում էի գնալ… մի քանի քայլ արեցի… հիշեցի հաղորդագրությունը` նա կարող է հայտնվել ամենաանմեղի տեսքով… ինչ… երեխայի տեսքով… մինչ կհասցնեի շրջվել… մեջքիս զգացի նրա սուր եղունգները, արյունս նորից աչքերիս դիմաց… -ինչ ես անում…-ինչ… մորս ձայնը… ինչ կապ ունի այստեղ…փռվեցի գետնին… տեսա ինչպես էր ինձ հոշոտում…- վերջացրու, արի խոհանոց… նորից մորս ձայնը ու էլի կապ չունի… արյունը հատակին էր լցվել… մամ ինձ էստեղ սատանաները հոշոտում են, իսկ դո՞ւ… աչքերս փակեցի ու էլ ոչ մի բան չեմ հիշում… հիշում եմ սև լույսը ու ընկերոջս խոսքերը` տանում ա… աչքերս բացում եմ` կիսադատարակ բաժակ` ջրի վրա ծխախոտի մոխիր, բանալիներ, ինչ-որ թափթփված իրեր, կակտո՞ւս… չէ… էս էլ իմ աշխարհը չի… սպասում եմ մի քիչ… ու…. սև լույս, նորից մոտենում եմ սենյակիս դռանը, քայլում եմ նույն փողոցով, այս անգամ այն ավելի ծանոթ է, ավելի համարձակ եմ, ադրեն գիտեմ որ ինձ սպասում է կրպակի հետևում ու ձեղնահարկում` երեխայի կերպարով…



{June 15, 2011}   Անլույս

Ցուրտ է, նայում եմ պատուհանից դուրս, մութն ընկել է: Մտածում եմ սառած ոտքերիս ու մատներիս մասին: Ուզում եմ ասել` մրսում եմ, ինչ-որ բան բերեք ծածկվեմ: Չեմ ասում: Չեմ ուզում գիտակցեն, որ սենյակում ցուրտ է: Սովորել են արդեն:

Նարնջագույն վերնաշապիկով տղան հայացքը չի կտրում հեռախոսից: Կողքին փոքր եղբայրն է: Հենվել է բազմոցին այնքան խորը, որ ոտքերի թաթերը հասնում են բազմոցի եզրին: Ձեռքերը սեղմել է ոտքերի արանքում: Տարօրինակ խորը հայացքով նայում է մեկ ինձ, մեկ ձեռքերին: Հորաքույրը պատմում է իր ու ջութակի դպրոց գնալու երազանքի մասին: Ասում է` մեր գյուղը  Վայքից հեռու է, մենք էլ գումար չունենք ամեն անգամ երեխային տաքսիով  քաղաք տանելու համար: Այդպես էլ ջութակը մնում է երազանք: Ես կիսամութի մեջ փակում եմ աչքերս ու նրան պատկերացնում ջութակը ձեռքին, աչքերը ներքև խոնարհած, դունչը դարչնագույն փայտին հենած, երջանիկ…

Ճանապարհին կանգնում ենք եկեղեցու մոտ: Սրբապատկերներ, մոմերի լուսավորություն… աչքերս փակում եմ ու կյանքումս առաջին անգամ աղոթում ոչ “”Հայր մերը”`  ինչ-որ ուրիշ բան, որ ոչ լսել եմ, ոչ գիտեմ… Հետո  ամեն ինչ խառնվում  է իրար` լուսանկարչական ապարատի լույս, ջութակ նվագելու երազանք, սառած ճանապարհներին փոքր երեխա, չաթ, դեպրեսիայի մեջ հայտնված ազգագրագետ, երաժշտություն, զինվորական հագուստով մանկահասակ դեմքեր, կարկտահարություն… Ճանապարհաեզրին հայտնված կարմիր կակաչներ, երկար-երկար ճանապարհ… Լրիվ անկարևոր դարձած երկաթուղային կայարաններ, մեքենայի մեջ այս ու այն կողմ շրջվող կիսաքուն մարմին, ինձանից դուրս պարուրաձև ձգվող երկար ճանապարհ, հետո քաղաք, քաղաքային լույսեր, մայթերից վեր դեպի շենքերը ձգվող դեպրեսիա… տուն…

Արևածաղիկի սերմերի մեջ թաղում եմ անզորություն հիշեցնող ձանձրույթս: Մտածում եմ` ճանապարհին մնացած հազարավոր երազանքների մասին` նրանց մեջ ամենապայծառը` ջութակով երեխան ու  գյուղից Վայք ճանապարհին մնացած նրա երազանքը… Երբ բոլորը քնում են, խոշորացույցը ձեռքիս դեկորատիվ ծաղկամանի ավազահատիկների մեջ սկսում եմ փնտրել  կյանքի իմաստը: Կենտրոնանում եմ, որ լուսամփոփի թույլ լուսավորության տակ ավելի լավ պատկերացնեմ գույնն ու ձևը… պատկերացնում եմ… բաց վարդագույն ու թաց…



{May 13, 2011}   Անմեղություն

Ինքը լուսամփոփը դրել էր կողքին ու նկարում էր: Ականջների մեջ մատիտի խզբզոցի ձայնն էր: Մատիտի տակ ինչ-որ թիթեռնիկ էր ուրվագծվում կամ ուրիշ մի բան, դեռ չէր որոշել ինչ: Այդ օրը իրան թվում էր` իր ու համակարգչի արանքում ինչ-որ երրորդ բան էր հայտվել` դեկորատիվ կակտուսը: Մենակ, թախծոտ, ծակծկող աչքերով նայում է իրեն: Լուսամփոփի ու կակտուսի արանքում էլի իրեր կային` աչքերի քսուք, տուփի մեջ հավաքված հնամաշ մատիտներ ու սպիտակ լույս, որը այդ պահին ամենաշատն էր սեղանի վրա:

Իրան  պատմում էր լճի ափին եղած մի սիրո մասին, աչքերը փակել էր, ոտքերը ձգել լճափի ջրերի մեջ` մեջքը ավազների վրա: Ծոծրակին զգում էր նրա շնչառությունը, մեջքը գրկած` վախ զգալու չափ մոտ: Աչքերը բացել էր ու ասել, որ էլ չի ուզում լսել: Ջրի ալիքները տարել կորցրել էին իրան: Վախեցել էր ջրի ալիքների մեջ մարմինը շատ թուլանա, ինքը էլ չզգա նրա ձեռքերի ու ջրի ալիքների տարբերությունը, աչքերը թերթի ու ինքն իրեն գտնի նրա ձեռքերի մեջ` լրիվ անպաշտպան: Մինչ այդ` աչքերը փակ, մեջքին  զգում էր մանր ավազահատիկների ծակծկոցը: Ինքը տենց էր. ամեն ինչ զգում էր իրականության նման, երբ պատմում էին ականջախեցու հետևում, շշուկով,  ծոծրակին շատ մոտ…

-Աղջիկս, դու իմ փոքր աղջիկն ես, գիտեիր…

Շոյում էր ճակատին թափված մազերը: Ինքը մազերը բաժանել էր երկու մասի, ուսերի մոտ մազակալով երկու փունջ էր արել: Դրանից մազերը մի կողմ էին գնացել ու ծոծրակը լրիվ մերկացել էր: Իրար շատ մոտիկ նստած` դպրոցական սպիտակ վերնաշապիկի օձիքից ներս երևում էր  սպիտակաթույր փոքր կուրծքը: Դա ստիպում էր ավելի սեղմվել նրան ու ձեռքը ավելի արագ շարժել ազդրի վրայով` կիսաշրջազգեստի եզրերից վերև: Ինքն էլ ծնկները սեղմել էր, կրունկները հեռացրել ու ոտնաթաթերի քթերը կպցրել իրար: Բարի սպիտակ նեոնային լույսը իրեն հիշեցնում էր  իր սենյակի լուսամփոփի լույսը, իսկ նրա ձեռքը` վարդագույն խաղալիք նապաստակի ջերմությունն ուներ…

Լուսամփոփի տակ` թղթի վրա խզբզված թիթեռնիկն էր, դեկորտիվ կակտուսը` թախծոտ, ծակծկող աչքերով նայում էր պատուհանից դուրս: Համակարգիչը դեռ միացված էր, ցույց էր տալիս տասներկուսն անց քառասունհինգ րոպե… իրան սպասում էին երեկոյան ժամը յոթին, բայց ինքը դեռ չկար…



{May 4, 2011}  

Քրտնած ապակիների ու դեկորատիվ ծաղիկների արանքում սեղմված` մրսում է տիեզերքը…

Պատուհանագոգի մոտ` բամբակյա գիշերազգեստով ու մերկ ոտքերով, լուռ արտասվեցի հեռախոսային մերժումդ…

Էս աշխարհը հեչ իմ սրտով չի, երբ կողքիս չկաս դու ու մրսում են ձյունամրրիկների մեջ սեր որոնող իմ ոտաբոբիկ մտքերը: Իսկ քո կողքին ` նույնիսկ մառախուղի մեջ, մեզ համար երկնքից արև էր կախում գլոբալ տաքացումը…

Պատուհանագոգին սեղմված` բամբակյա գիշերազգեստս շոյելիս, չգիտես ինչու մտածեցի, որ դու ես մեղավոր դժբախտություն զգալու իմ ժամերի համար. սովորեցրեցիր երջանկության այն տեսակը, որ ուրիշները չեն կարող տալ…



{April 27, 2011}  

Գևորգին

Ձմռան ու բաժանումի արանքում` փրկության հույս էին սառած ուսերիս մոտեցող քո տաք ձեռքերը…
Նոյեմբեր…
Ինչ-որ վաղուց գրված հատուկենտ տողեր` գրքերիս ու տետրերիս արանքում
Արտասվեցի դանդաղ…
Քեզ հիշելու պես…

Հետո, երբ անձրև էր,
Ինձ գտա քո կողքին ինչ-որ վարձով երրորդ հարկում`
Թեյի դատարկ բաժակների դիմաց`
Սեր որոնելիս…


Նոյեմբերից ամիսներ անց,
Քո տնից դուրս եկա` շնչառությունդ դեռ ուսիս զգալով…
Փողոցն անցնելիս նկատեցի, որ  գարուն է…
Արդեն մոտ երեք ամիս….



{April 13, 2011}  

Գիշերը մթության մեջ աչքերս բացեցի: Ձեռքերիս մեջ դեռ սեղմած էի պահել հեռախոսս:
Կրծքիս տակ սրտամկանի կծկման ժամանակ զգացի, որ սիրում եմ քեզ…

Հեռախոսիս մեջ նկարդ ասում է` արի քեզ գրկեմ…Վերմակի տակ իմ ու քո մենախոսությունն է…
Շունչս պահում եմ, որ օդը չխոնավանա ու կարողանաս շնչել…



{April 9, 2011}   Փակուղիներ

Նա սեղմվել էր սենյակի անկյունում ու գլուխը դրել ծնկներին։
- Վե’ր կաց,- ուսը կամաց շարժեց տղան,- ժամանակն է, պետք է դուրս գանք գործարանը փնտրելու։ Աղջիկը դատարկության միջով բարձրացրեց հայացքն ու աչքերը բացեց։ Ժամացույցի սլաքները ցույց էին տալիս հինգից հինգ պակաս։
- Հա’, ժամանակն է, բաճկոնս հագնեմ՝ դուրս գանք։
Երեկոյան հինգին պետք է դուրս գային փողոցներում թափառելու ու լքված գործարանը փնտրելու։ Ժամացույցի սլաքները կանգնել էին հինգն անց մեկ րոպեի վրա երբ դուրս եկան: Շենքի մուտքի աստիճաններին ինչ-որ հնամաշ լրագրային թերթեր էին, լրիվ սպիտակ թռուցիկներ, որոնց տակ բետոնապատ աստիճանները լպրծուն էին դառնում։ Տղան սեղմում էր աղջկա ձեռքն ու շշնջում` զգույշ… մինչ այդ բանալին երեք անգամ պտտել էր բնակարանի դռան կողպեքի մեջ ու նետել վերելակի կիսաբաց անցքից ներս…
- Մեզ էլ պետք չի, մենք շահել ենք մեր երջանկությունը…
Մուտքի պատուհանից լույսը ներս էր սողոսկում, բայց դուռը չէր լուսավորվում, ավելի էր թաղվում խավարի
մեջ։ Աստիճաններից իջնելիս աղջիկը հետ նայեց իրեն ծանոթ երկաթյա դռանը։ Աչքերը սևեռեց դռան եզերին։
Դռան մութ անցքերից դանդաղորեն կանաչ թևերով երկաթյա հրեշները դուրս սողոսկեցին ու իրենց մեջ առնելով
դուռը՝ խորտակեցին այն։ Աղջիկը փակեց աչքերն ու նորից բացեց։ Թվաց։ Երևի հոգնածությունից է: Ինչ լավ է
աշխարհում հրեշներ չկան, ու դռները միշտ կանգուն են։ Նորից հետ նայեց։ Դուռն իր տեղում էր…
Արդեն կես ժամ ու էլի ինչ-որ մի քանի ամիս փնտրում էին վիճակախաղի տոմսով շահած գործարանը։ Քայլել էին
իրենց փողոցից մինչև հարևան արվարձանը, որտեղ ամեն ինչ դատարկ էր ու կյանքը ձանձրալի, մտածել էին,
եթե լքված գործարան է, ուրեմն պետք է այդտեղ լինի, բայց ոչ: Աշխարհը մի տեսակ փոխել էր գույները, դա այն
քաղաքը չէր, որ նրանք գիտեին: Ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել, ամեն փողոցից հետո փակուղի էր:
-Պետք է հիշել այն ճանապարհները, որտեղով անցել ենք… Read the rest of this entry »



et cetera
Follow

Get every new post delivered to your Inbox.